«Չի կարելի ասել, որ պատերազմ չէինք սպասում, բայց ակնկալվում էր, որ հակառակորդը դասեր է քաղել նախորդ պատերազմներից: Հիմա պարզվում է՝ ոչ միայն դասեր չեն քաղել, այլև բոլոր հնարավոր միջոցներով պատրաստվել են հերթական ամենաանմարդկային գործողությունների»,- ասել է ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նրա խոսքով՝ առկա են բոլոր նշանները, որ Ադրբեջանը երկար տարիներ պատրաստվել է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։
«Մենք մտածում էինք՝ մեր դեմ լինելու է միայն Ադրբեջանը, իր բոլոր հնարավորություններով, և մեր պատրաստվածությունները դրան համարժեք էին։ Պարզվում է, որ Ադրբեջանը, իր ուժերին վստահ չլինելով՝ արդեն սկսել է ձեռնարկել Թուրքիայի և ահաբեկչական խմբերի մասնակցությունը։ Փաստորեն մենք այսօր ունենք մեծածավալ ռազմական թատերաբեմ, որն ամեն րոպե պատրաստ է վերածվել ոչ թե տարածաշրջանային, այլ ավելի մեծ հակամարտության»,- նշեց Ղուլյանը։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ըստ Ղուլյանի, դասական հակամարտությունների տրամաբանությունից դուրս է: «Ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում»,- նշեց Աշոտ Ղուլյանն ու հավելեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր վերջին ճիգերն է օգտագործում արցախյան հիմնախնդիրը հօգուտ իրեն լուծել փորձելու համար։
«Վստահ եմ, որ դա չի հաջողվելու։ Արցախի շուրջն այսօր համախմբված են ոչ միայն ամբողջ հայությունը, այլև միջազգային կառույցներն ու երկրները, որոնք լավ են պատկերացնում, թե ինչ է տարածաշրջանային կամ միջազգային անվտանգությունը։ Տեսնում ենք, որ աշխարհը սկսել է մի քիչ ուրիշ ձևով վերաբերվել հարցին։ Հասկացել են, որ այստեղ Ղարաբաղի խնդիր չէ, տարածաշրջանը նոր Մերձավոր Արևելք կամ անվերջ ծխացող օջախ դարձնելու խնդիր է, որտեղ էլի թուրքական ձեռագիր է։ Ադրբեջանն այստեղ ուղղակի կամակատար է։ Այսօր և վաղը շատ վճռական են մեր այս միջավայրն ամբողջացնելու և այդ միջավայրում մեր գործողությունները կոնկրետացնելու։ Նկատում եք, որ այստեղ ուժերի կենտրոնացում և բևեռացում են տեղի ունենում, պետք է փորձենք նախորդ պատերազմների օրինակները կիրառել»,- նշեց Աշոտ Ղուլյանը։