ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ անցնող օրվա ընթացքում շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել՝ հատկապես հյուսիսում ու հարավում։ Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանի, փորձել է ճեղքել ռազմաճակատը։ Բայց ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել՝ պատճառելով նրան մեծ կորուստներ։
«Միայն անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ։ Դրանք բավականին ծանր ու դժվար մարտեր էին։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ։ Միայն անցնող օրվա ընթացքում մոտ՝ 440-450 զինծառայող կամ նաև ոչ զինծառայող։ Մոտ 800-900 վիրավոր է տվել։ Հաջողվել է խոցել միայն այսօր մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա; Հաջողվել է նաև մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով։ Սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք։
Միայն այսօր խոցվել է 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ խոցվել է 113 միավոր ԱԹՍ։ Ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը կազմում է 250 միավոր։ Միայն այսօր խոցվել է 3 «Սմերչ» կայան։ Այսօր խոցվել է 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով՝ մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն, չեն նահանջում ու կասեցնում են հակառակորդի մեծ կրակային խտություն ունեցող գրոհները։