Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններ չկան, բայց որոշակի շարժեր կան, մասնավորապես՝ հետախուզական գործողություններ, սադրանքներ՝ Հայկական միասնական տեղեկատվական հարթակում ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Մեր զինուժը իր պարտականությունները կատարում է բարձր մակարդակով՝ հավելեց նա։
Պատասխանելով դիրքերի փոփոխության վերաբերյալ հարցին՝ Ա․Հովհաննիսյանն ասաց․ «Դիրքերի և բնագծերի մասին որևէ բան չեմ կարող ներկայացնել, պատերազմ է, դիրքային փոփոխություններ շատ հաճախ են լինում։ Մի ժամ հետո մենք կվերցնենք այդ դիրքը, մեկ ժամ հետո կարող ենք շրջանցել այն և այլն»։
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով կան զորքերի շարակազմեր, մարտակարգեր, և դրանցում, ըստ նրա, կարող են լինել և կլինեն տարբեր տեղերից բերված վարձկան ահաբեկիչներ։
Անդրադառնալով համացանցում տարածվող կեղծ լուրերին՝ Հովհաննիսյանը նշեց, որ, բարեբախտաբար, մեր քաղաքացիների գիտակցության մակարդակը բարձր է, սադրանքներ, իհարկե, լինում են, իրենք էլ փորձում են չեզոքացնել դրանք։
Հարցին ի պատասխան՝ քանի օրում կսպառվեն հակառակորդի հնարավորությունները, Հովհաննիսյանն ասաց, որ մեր զինվորականները լավ գիտեն, իրենք կհաշվեն։