«Ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, և նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր»,- իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրել է, որ այլևս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ:
«Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն՝ ժամեր առաջ, Արցախի պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների՝ ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
Մեր թշնամին, որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք, այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին»,- պնդել է ՀՀ վարչապետը:
«Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ:
Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթե՛նք: Ու մենք անպայմանորեն կհաղթե՛նք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորե՛ն կհաղթենք»,- ասել է նա: