Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում և Հայաստանում, դիմակայում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը: Հարձակման մասշտաբները աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ, ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում, հակամարտության գոտիներից որևէ մեկում՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում:
Նրա խոսքով, հարյուրավոր տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր և հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հազարավոր հետևակ՝ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական բանակի դիրքերը՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
«Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-200 թշնամական զինվոր: Ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ:
Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում և ղեկավարում են ռազմական գործողությունները»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը, մեր կամավորական ջոկատները կենաց և մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա:
«Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր»,- շեշտել է նա: Վարչապետը նաև նշել է, որ այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավական ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին: