Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքով՝ մեր հաջողությունները առաջնագծում բերելու են մեծ հաջողությունների դիվանագիտական դաշտում և՝ հակառակը։
«Կարծում եմ, որ մենք առնվազն պետք է վերականգնենք առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։ Ընդհանրապես պետք է վերականգնվի 1994 թվականի այն առաջնագիծը, որը հաստատվել և համաձայնեցվել էր կողմերի միջև, և այդ գիծը խախտվել է, և այդ գծի խախտման պատճառով է, որ Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, և դա իրենց հնարավորություն տվեց, որ 4 տարի հետո պատերազմ սկսեն։ Այսինքն՝ այդ փոքր տարածքային նվաճումները մեծ պատերազմի հիմք են դառնում։ Կարծում եմ, որ որևէ տարածք Ադրբեջանն այս պատերազմի շրջանում չպիտի ձեռք բերի, և միջազգային հանրության պարտքն է միջնորդել»,- նշեց Մայիլյանը՝ նշելով, որ դեռ այն ժամանակ զինադադարը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ, և ռուսական կողմում կան 1994 թվականին հաստատված զինադադարի ժամանակ ձևավորված առաջնագծի քարտեզները։
Ռուսաստանը ջանքեր հիմա էլ է գործադրում՝ նշեց Մայիլյանը՝ հիշեցնելով Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունը։
«Այն ժամանակվա իրենց ջանքերը հաջողությամբ են ավարտվել, հիմա էլ իրենց հնարավորությունները պակաս չեն, բայց մենք ունենք նոր գործոն՝ Թուրքիայի գործոնը։ Այսինքն՝ եթե Ռուսաստանն ավելի հեշտ կարող էր համոզել Ադրբեջանին, որ համաձայնվեն, գնան խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար խնդիր է դրված համոզելու Էրդողանին։ Այսինքն՝ հիմա ավելի խոշոր խաղացող է հայտնվել, և սա պետք է հաշվի առնել»,- նշեց Արցախի Հանրապետության գլխավոր դիվանագետը։