Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը կոչով դիմել է աշխարհի հայությանը՝ արիական ոգով մեկ բռունցք դառնալ և աջակցել արցախա-հայությանը և պաշտպանության բանակին:
Հիշեցնելով, որ ռազմաճակատի երկարությամբ մարտերը շարունակվում են՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է արել Երևանի ժամանակով ժամը 18.00-ին միասնական աղոթք հնչեցնել հաջողության, խաղաղության և հաղթանակի համար:
«Իմ շատ սիրելի և հարազատ հայրենակիցներ, դիմում եմ ողջ-ողջ հայությանը՝ համախմբվել և զորակից դառնալ Արցախին և մեր բանակին: Մի քիչ առաջ Արցախի նախագահ պարոն Արայիկ Հարությունյանը մեկնեց առաջնագիծ՝ ղեկավարելու, գոտեպնդելու մեր հայրենյաց պաշտպաններին: Այսօր իրոք թեժ և դաժան պատերազմ է գնում, մահու-կենաց պատերազմ, գոյապայքարի կռիվ է:
Դուք գիտեք, որ մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել: Ամեն մի մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելու, պաշտպանվելու: Եվ այսօր մենք ստիպված ենք մեր գոյապայքարը, մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության: Եվ ես կամենում եմ, որ դուք՝ բոլորդ, խորունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք և ամեն ինչով աջակցեք մեր բանակին և արցախահայությանը: Մենք այստեղ ենք և գիտենք, որ մեջքի հետևում Մայր Հայաստանն է, և մենք Մասիս սարի պես պիտի լինենք կայուն և անսասան:
Այսօր՝ Երևանի ժամով ժամը 18.00-ին, խնդրում եմ աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ՝ ի զորակցություն մեր բանակի: Եվ մենք բոլորս աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի և խաղաղության համար: Այնպես որ, բոլորիդ աղոթքն ենք սպասում և բոլորիդ զորակցությունը: Ամուր եղեք բոլորդ, պինդ եղեք, մեր գործը արդար է, և Աստված միշտ արդարների կողմն է լինում:
Տերը օրհնյալ պահի ամբողջ հայությունը և մեր բանակը. ամեն»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը: