Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը վերջնականապես ամրապնդում է միջազգային հանրության հավաքական դիրքորոշումը. այն է՝ ուժի կիրառումն անթույլատրելի է. Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունն է, որով ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը:
«Շարունակելով մերժել տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու միջազգային հանրության պահանջները՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ու ավելի են դիրքավորվում որպես վտարյալ պետություններ՝ բացահայտ կերպով մերժելով համընդհանուր կանոններն ու նորմերը, որով առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը:
Արցախի արտգործնախարարությունը շեշտում է. Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն համառորեն դժկամություն են ցուցաբերում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին, այլև հետևողականորեն և միտումնավոր ավելացնում են ռազմական գործողությունների ինտենսիվությունը:
Արցախի աշտպանության բանակը, որն այսօր փաստորեն պայքարում է նաև միջազգային ահաբեկության դեմ, շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջազգային ջանքերին: Արցախի Հանրապետությունն այսուհետ ևս պատասխանատու քաղաքականություն է վարելու անվտանգության ոլորտում` ուղղված տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովմանն ու ամրապնդմանը:
Երբ Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ ռազմական դաշինք են ձևավորում քաղաքակիրթ աշխարհի կողմից օրենքից դուրս հայտարարված ահաբեկչական կազմակերպությունների հետ, հրամայականորեն պահանջվում է ամբողջ միջազգային հանրության հավաքական միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ հարկադրական բնույթի, որպեսզի դադարեցվեն հակաօրինական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը նորից ընդգծում է. որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ կհաստատվի տարածաշրջանի՝ երկար սպասված ու տևական խաղաղությունը: