Պաշտոնական Ստեփանակերտը հակամարտության լուծման միակ տարբերակ է տեսնում Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Հայտարարեց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ շեշտելով, որ ռազմական գործողություններով այս խնդիրը լուծվել չի կարող, իսկ բանակցության ցանկություն Ադրբեջանն այլևս չունի:
Մասիս Մայիլյանը եռյակ դաշինք է անվանում Ադրբեջանի, Թուրքիայի զինված ուժերին և Ադրբեջան տեղափոխված ահաբեկչական խմբավորումներին՝ նշելով՝ դրանք վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Արցախի արտգործնախարարը Թուրքիայի ձեռքին տիկնիկ է անվանում Ադրբեջանը:
Միջազգային հանրությունը ոչ միանշանակ հայտարարություններ է անում հակամարտության այս փուլի մասին: Պետությունների մեծ մասը կոչ է անում դադարեցնել մարտերը, Ադրբեջանից ու Թուրքիայից պահանջում է հրաժարվել ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելուց, բայց կան նաև երկրներ, որոնք միակողմանի քայլեր կամ հայտարարություններ են անում:
Մասիս Մայիլյանի խոսքով՝ բոլորի հետ դիվանագիտական ակտիվ աշխատանք է տարվում՝ ապահովելու չեզոք և կառուցողական դիրքորոշում:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան