Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա՝ հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ թվարկելով դրանք. «Մեկն այն է՝ ինչ անում է այսօր մեր բանակը ռազմի դաշտում: Երկրորդը՝ եթե մենք խոսում ենք Թուրքիայի և Ադրբեջանի մասին, կա տարբեր միջազգային գործիքակազմ՝ համոզել, նաև՝ սանկցիաների հնարավորություններ: Այսինքն՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված է ագրեսորին կանգնեցնելու, գործունեությունը կասեցնելու հնարավորությունը: Կարծում եմ՝ հիմա միջազգային հանրությունը դեռ առաջին փուլում է, և պետք է կատարվեն հաջորդ քայլերը, մինչև խաղաղություն հաստատվի»:
Մայիլյանը պնդեց, որ Արցախը ժամանակավոր զինադադարի առաջարկ չի ստացել, որպեսզի հնարավոր լինի լուծել կրակի գոտուց զոհվածների դիերը դուրս բերելու հարցը: «Մենք Կարմիր խաչի հետ կապի մեջ ենք այս առումով, եթե լինի զինադադար, դիերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, ինչպես լուծվել են 2016 թ.: Այս առումով մենք պատրաստակամ ենք՝ կազմակերպելու այդ գործը»,- ասաց նա:
Մայիլյանը նաև պնդեց՝ պատերազմը կանգնեցնելու առումով միայն հայկական կողմի կամքը քիչ է: «Ովքեր սկսել են այդ պատերազմը, ռազմական ագրեսիան, իրենք պետք է առաջինը կանգ առնեն»,- ասաց նա: