Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի՝ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԲ բանակի հանրային կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
«Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում»,- ասաց Սարումյանը։
Նա տեղեկացրեց, որ հակառակորդին պատճառված են կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ, քանի որ մարտերը շարունակվում են՝ տվյալները ճշտվում են։
«Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։
Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում՝ հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,- ընդգծեց Սարումյանը։
ՊԲ բանակի հանրային կապերի պատասխանատուն ընդգծեց, որ ՊԲ մարտիկներն ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։