«Թբիլիսին այն վայրն է, որտեղ կողմերի միջև կարող է տեղի ունենալ ցանկացած բանակցություն»,- Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը:
«Ուզում եմ դիմել մեր երկու բարեկամ և հարևան երկրների նախագահներին ու կառավարություններին, որպեսզի անհապաղ դադարեցնեն կրակն ու երկխոսություն սկսեն»,- ասել է Զուրաբիշվիլին:
Իր և վրացի ժողովրդի անունից Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել այն զոհերի համար, որոնք, իր խոսքով, հակամարտության զոհ են դարձել:
Ապաէսկալացիայի և հրադադարի կոչ անելով՝ Զուրաբիշվիլին հայտարարել է. «Սա մեր երեք երկրների ընդհանուր շահերից է բխում: Վերադարձնենք տարածաշրջանին կայունություն, խաղաղություն և վերականգնենք տարածաշրջանի հսկայական դերը համաշխարհային տնտեսության մեջ: Սա մեր միասնական ձեռքբերումն է»,- ավելացրել է Զուրաբիշվիլին և կոչ արել միասնաբար պահպանել դա: Վրաստանի նախագահը դիմել է նաև Մինսկի խմբին ու Եվրամիությանը՝ կոչ անելով օգտագործել իրենց լծակները՝ տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման համար: