Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում միջազգային հանրությանը կոչ է արել անել հնարավորը՝ հայերի դեմ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար:
«Մենք շարունակաբար ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի դեմ կատաղի ռազմական գործողություններին: Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտն ու հրետակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Հրետակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Ադրբեջանի հրետակոծությունների հետևանքով վիրավորվել են տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ժողովրդին վտանգ է սպառնում: Վտանգված են նաև համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը: Եթե այն չկանգնեցվի այսօր, ապա վաղը դուրս կգա տարածաշրջանից ու կսպառնա մյուսներին: Այսօր թիրախավորված են մեր երեխաները: Վաղը դրանք կարող են լինել ձեր երեխաները:
Ես միջազգային հանրությանը ևս մեկ անգամ կոչ եմ անում անել հնարավորը՝ հայերի ու համաշխարհային խաղաղության դեմ ռազմական գործողությունները կանգնեցնելուն օգնելու համար:
Արցախը հզոր է, Հայաստանը հզոր է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը: