ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց քաղպաշտպանության ազդանշանները և դրանցով պաշտպանվելու կանոնները։
Նա տեղեկացրեց, որ դրանք հիմնականում երկուսն են՝ օդային տագնապ՝ ուշադրություն բոլորին, օդային տագնապի ավարտ։
«Օդային տագնապի ազդանշանը տրվում է շչակներով։ Այսօրվա դրությամբ մենք ունենք հնարավորություններ, և բոլոր օպերատորները տրամադրում են մեզ իրենց ցանցերը կարճ հաղորդագրությունների տեսքով ինֆորմացիան բնակչությանը հասցնելու համար»,- ասաց Սնգրյանը՝ ներկայացնելով կանոնները, ըստ որոնց՝
-
եթե գտնվում եք տանը՝ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, առարկաներ, որոշակի քանակությամբ սնունդ, ջուր, փաստաթղթեր, առանց խուճապի մատնվելու ուղևորվել մերձակա պաշտպանական կառույցներ.
-
եթե գտնվում եք դրսում՝ անհապաղ գնահատեք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու որոշեք ամենաապահով տարածքը։ Եթե կան մերձակայքում պաշտպանական կառույցներ՝ գնացեք այդտեղ.
-
եթե գտնվում եք տրանսպորտային միջոցներում՝ պետք է առաջինն անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցը, չխոչընդոտել մյուս վարորդներին և երթևեկության կանոնները, որից հետո դուրս գալ տրանսպորտային միջոցից և հնարավորինս կարճ ճանապարհահատվածով ուղևորվել դեպի մերձակա պաշտպանական կառույցները.
-
եթե գտնվում եք աշխատավայրում կամ հանրային այլ տարածքներում՝ հետևեք տրվող հաղորդագրություններին։ Եթե չկան այդպիսի հաղորդագրություններ, առանց խուճապի մատնվելու դուրս եկեք այդ տարածքներից և ուղևորվեք մերձակա պաշտպանական կառույցները.
-
եթե գտնվում եք արդյունաբերական ձեռնարկություններում՝ ապա առաջնորդվեք արդյունաբերական ձեռնարկություններում սահմանված կանոնակարգերով, իսկ հաջորդականությունը նույնն է։ Կատարել նաև կենսապահովման համակարգերի տեխնիկայի անջատում, եթե կան, լքել արդյունաբերական տարածքները։
Սնգրյանը հիշեցրեց, որ պաշտպանական կառույցները նկուղներն են, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը, ստորգետնյա այլ կառույցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիները։ Եթե գտնվում ենք բնակավայրերից դուրս, ապա պետք է օգտագործել տեղանքի առանձնահատկությունները՝ տարբեր ջրատարներ, խորացված այլ կառույցներ։