Ստեփանակերտ քաղաքը չի տարահանվում` հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Այո տարհանվել են որոշ գյուղեր, որոնք սահմանամերձ են, գտնվում են ճակատից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ստեփանակերտը չի տարհանվում, նման որոշում կընդունվի միայն հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում»,- ասել է Արցախի պետնախարարը ճեպազրույցի ժամանակ:
Նա անդրադարձել է Ստեփանակերտի այսօրվա հրետակոծմանը: «Խաղաղ բնակչության շրջանում ունենք տուժածներ, զոհերի վերաբերյալ տեղեկություններն այս պահին ճշտվում են: Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, բնակելի շենքեր: Այս վերջին օրերի հրետակոծության թիրախներում բազմաթիվ անգամ հայտնվել են տարբեր քաղաքացիական օբյեկտներ, ենթակառուցվածքներ, բնակելի տներ»,- ասել է պետնախարարը:
Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ Արցախն ունի ամբողջ բնակչությանը թաքստոցներով ապահովելու հնարավորություն, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ:
Մարտիրոսյանը վստահեցրել է՝ կառավարությունն անում է ամեն ինչ, որ ապահովվի քաղաքացիների բնականոն կյանքը: «Ամսվա առաջին օրը վճարվել են աշխատավարձերը, որ նախատեսված էին բյուջեով, թոշակներն ու նպաստները կվճարվեն սահմանված ժամկետում, հավաստիացնում եմ՝ այդ առումով էլ խնդիրներ չենք ունենա»,- ասել է նա: Ըստ պետնախարարի Արցախում առաջին ինը ամիսների ցուցանիշի համաձայն Արցախի հարկատուները վճարել են նախատեսվածից 200 մլն դրամ ավելի գումար: Պետնախարարի խոսքով, որոշում է ընդունվել Արցախում հասարակության կողմից լայն սպառում ունեցող ծառայությունները մատուցվում են անվճար: