Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի հակամարդկային գործունեությունը և ահաբեկիչների հետ այդ երկու երկրների համագործակցությունը: Ահաբեկչական գործոնի և հենց Ադրբեջանի վրա դրա հետագա հետևանքների մասին Նաիրի Հոխիկյանը զրուցել է եգիպտոսցի քաղաքագետ Ամր Էլդեբի հետ:
- Պարոն Էլդեբ, Դուք գիտեք, որ Սիրիայից Թուրքիան մի քանի հազար վարձկան, ավելի շուտ՝ ահաբեկիչ է տեղափոխել Ադրբեջան: Ի՞նչ կարող եք ասել դրա մասին:
- Ահաբեկիչների հարցում, պարզ է, որ Թուրքիան այստեղ կրկնում է Լիբիայի իր փորձը: Նրանք Լիբիա ևս ուղարկեցին վարձկաններ Սիրիայից: Այս դեպքում էլ նրանք այսպիսի մեթոդներ են կիրառում, որ կարողանան ճնշում գործադրել Հայաստանի վրա: Սիրիայից, ավելի ճիշտ՝ Սիրիայի հյուսիսից վարձկանների տեղափոխումը Ադրբեջան փաստ է: Դա սադրանք կամ կեղծ տեղեկատվություն չէ, դա փաստ է, որը խոստովանում է նաև Թուրքիան: Նրանք ահաբեկիչների հետ իրենց կապի մասին փաստերն ընդունել են նաև Լիբիայում: Շատ երկրներ են հայտարարում, որ Թուրքիան ահաբեկիչների հետ կապի այդ մեթոդը օգտագործում է, որ իր ազդեցությունն ունենա: Որպեսզի կարողանան այդ մտադրությունն իրագործել, թուրքերը նախ հայերին մեղադրեցին, իբրև հայերը վարձկաններ են բերել Իրաքի հյուսիսից: Դա նշանակում է, որ թուրքական կողմը փորձում է այդ մեղադրանքների ներքո թաքցնել իր գործողությունները:
- Ադրբեջանում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այդ վարձկանները, ավելի ճիշտ՝ ահաբեկիչները, գլխացավանք են դարձել նաև Ադրբեջանի համար, Ադրբեջանի բնակչության համար: Նրանք գողություններ են անում, փաստեր կան, որ բռնություններ են կիրառում:
- Եթե նույնիսկ Ադրբեջանում են այդպես կարծում, նշանակում է նրանք հասկանում են, թե ինչ իրավիճակ է: Խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանը կամ Թուրքիան որոշել են ահաբեկիչներին բերել իրենց տարածք, նրանք հետո ստիպված են լինելու պայքարել այդ ահաբեկիչների դեմ: Հայերի հետ այս իրավիճակը վաղ թե ուշ կհանդարտվի, Եվրոպան, Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը կներգրավվեն հակամարտության մեջ, և ինչպես միշտ, այն կհանդարտվի: Բայց այդ վարձկանները մշտապես կմնան իրենց տարածքում: Ինչպե՞ս են Ադրբեջանը կամ Թուրքիան նրանց հետ հարաբերվելու: Արդյո՞ք այդ ահաբեկիչներին վերադարձնել կկարողանան: Դա հարց է այն ղեկավարներին, որոնք որոշել են այդ ահաբեկիչներին իրենց տարածք բերել: Ահաբեկիչները վտանգավոր են ոչ միայն Կովկասի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար: Վտանգն այն է, որ ցանկացած պահի նրանք կարող են վերահսկողությունից դուրս գալ, աշխատել իրենց համար: Լիբիայում էլ այդպես եղավ: Նրանք տարան ահաբեկիչներին, իսկ այդ ահաբեկիչները սկսեցին իրենք իրենց համար աշխատել: Այսինքն էլ չեն կատարում իրենց տրվող հրահանգները՝ այդկերպ դառնալով ավելի վտանգավոր բոլորի համար: Կարծում եմ, պետք է պայքարել այդ երևույթի դեմ: Պետք է որևէ կերպ թույլ չտալ, որ Մերձավոր Արևելքից վարձկաններ ու ահաբեկիչներ տեղափոխվեն տարբեր տարածաշրջաններ:
- Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի պարագայում:
- Փաստ է, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում կռվում է ահաբեկիչների դեմ, իսկ այստեղ նրանք արդեն հարևանությամբ են: Դա վտանգավոր է ռուսների համար:
- Քանի որ Դուք Եգիպտոսում եք, իսկ մենք գիտենք, որ այդ ահաբեկիչները հիմնականում Մերձավոր Արևելքում են, ինչպիսի՞ դիրքորոշում ունի Եգիպտոսի կառավարությունը: Մենք գիտենք, որ Թուրքիան այդ տարածաշրջանում ևս ահաբեկչական խմբավորումների հետ է աշխատում:
- Ես կարծում եմ՝ միայն դիվանագիտական դիրքորոշում կունենա: Եթե այս հակամարտությունը շարունակվի, այն լուրջ խնդիր կլինի բոլորի համար: Կարևոր է, որ դադարեցվի կրակը: Կարևոր է նաև մեր համար, բայց Եգիպտոսը, ինչպես ամբողջ արաբական աշխարհը, ունի իր խնդիրները, և կարող են միայն բարի ցանկություն ունենալ, որ կրակը դադարեցվի: Մենք հիմա հնարավորություն չունենք այլ խնդիրների մասին մտածել: Բայց նաև գիտեմ, որ մարդկանց մեծամասնությունը այնտեղ հույս ունի, որ հնարավորինս շուտ կդադարեցվի կրակը, քանի որ պատերազմը ոչ ոքի պետք չէ: