ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Հայոց բանակը, պահեստազորն ու կամավորականները հերոսաբար պաշտպանում են հայրենի սահմանները, քանզի վստահ են՝ թիկունքն ամո՛ւր է:
Արժանի՛ լինենք մեր զինվորների վստահությանը:
Արժանի՛ լինենք անմնացորդ թիկունքային կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ:
Հիշե՛նք, որ մյուս փորձությունների հետ շարունակվում է նաև կորոնավիրուսի չհայտարարված պատերազմը:
Հիշե՛նք, որ միայն առողջ ու կենսունակ թիկունքը կարող է իսկապես զորավիգ լինել ռազմաճակատին:
Կոչ ենք անում, հորդորում ու պահանջում ենք՝ հստակ պահպանեք հակահամաճարակային անվտանգության կանոնները, ինքնահսկողությամբ ու հանրային հսկողությամբ կատարեք պատկան մարմինների հանձնարարականները, անվերապահորեն ենթարկվեք իրավապահների օրինական պահանջներին:
Վստահ ենք՝ մեր ժողովուրդը կհաղթի նաև այս պատերազմում, որովհետև դա մեր զինվորների պահանջն է:
Զինվոր զգանք մեզ այս պատերազմում:
Հաղթելո՛ւ ենք»: