Թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան և դրա արձագանքը պատերազմի հինգերորդ օրն արձանագրվեցին Վաշինգտոնում հինգ տասնյակ կոնգրեսականների նամակում, որը նրանք ուղղեցին պետքարտուղարին։ Անհրաժեշտ է, որ ԱՄՆ վարչակազմը կոշտ արձագանքի նրան, ինչ տեղի է ունենում Արցախում և Հայաստանում, այլապես շատ իրական է հեռանկարը, որ այս ամենը կվերածվի տարածաշրջանային պատերազմի՝ իր մտահոգությունն է հայտնում նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը։
Ադամ Շիֆ (կոնգրեսական) - Մենք պետքարտուղար Պոմպեոյին ուղղված նամակում կոչ ենք անում Թուրքիայից պահանջել հետ քաշվել, Ադրբեջանինց պահանջել՝ վերջ տալ բռնությանը և սպառնալ, որ կվերանայվի Բաքվին ռազմական աջակցությունը, եթե նրանք չդադարեցնեն ագրեսիան։ Մեր նամակում պետքարտուղարին հորդորում ենք նաև պնդել, որ դիտարկման սարքեր տեղադրվեն շփման գծի երկայնքով, որը Ադրբեջանը թույլ չի տալիս անել երկար ժամանակ:
«Մենք պետք է նախագահ Թրամփին ստիպենք անել այն, ինչ նա խուսափում է անել՝ դիմակայել էրդողանին։ Դժբախտաբար, նա էրդողանին տեղի է տվել ամեն ինչում՝ Սիրիայում, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և այլ հարցերում»,- ասաց կոնգրեսականը։ Այժմ ժամանակն է, որ վարչակազմը կոշտ դիրքորոշում որդեգրի՝ հավելել է նա:
Ադամ Շիֆ - Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին վերջ տալ թշնամությանը, սակայն Թուրքիան շարունակում է գրգռել Ադրբեջանին՝ շարունակել պատերազմը։ Մտահոգիչ են տեղեկությունները, որ Թուրքիան սիրիացի զինվորականներ է ներգրավում հակամարտության մեջ՝ ընդլայնելով սպանությունները։ Կարծում եմ՝ պետքարտուղարությունը, հիմնվելով կոնգրեսի երկկուսակցական նախաձեռնության վրա, պետք է խստորեն արտահայտվի՝ էրդողանից պահանջելով դադարեցնել պրովոկացիան։
Կոնգրեսական Շիֆը փաստեց, որ միջազգային հանրության արձագանքը խիստ անհամարժեք է կորուստներին ու վտանգին, ինչն ըստ նրա, ցավոք, նորություն չէ։ «Սա հենց այն է, ինչից ես վախենում էի, որ տեղի կունենա։ Մենք շատ ենք տեսել Ադրբեջանի սադրիչ բռնությունները շփման գծում։ Միջազգային հանրության և ամերիկյան վարչակազմի անհամաչափ արձագանքը, փոխարենը հավասարության մասին բարոյական հայտարարությունները՝ բոլոր կողմերին բռնությունից հրաժարվելու կոչերով, կարող էին քաջալերել ագրեսորին և քաջալերեցին, ասաց կոնգրեսականը:
Ադամ Շիֆ - Այսօր ավելի ուժեղ միջազգային դիմակայության ու ԱՄՆ-ի խիստ արձագանքի կարիքը կա, այլապես ադրբեջանը կշարունակի կռվել ու սպանել, իսկ Թուրքիան կշարունակի հրահրել այդ ամենը։ Եթե դա չարվի, իրական հեռանկար կա, որ սա կվերածվի տարածաշրջանային պատերազմի, և այլ ազգեր կներգրավվեն ավելի, քան արդեն ներգրավվել են:
Ալիևը կիրառել ու շարունակում է կիրառել բանաձևը, որը բռնապետներն օգտագործում են ամենուրեք՝ երկրի ներքին խնդիրների ու կառավարությունից դժգոհության պայմաններում, այն է՝ հարևանի հետ հակամարտություն հրահրել հանրությանը շեղելու համար։
Ադամ Շիֆ - Մի կողմից Թուրքիան գրգռում է հակամարտությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանը, որ ներքին խնդիրներ ունի։ Այս ամենին անհրաժեշտ է համարժեք՝ զսպող արձագանք։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք Կոնգրեսում, բայց վարչակազմի աջակցության կարիքն ունենք։ Վախենամ՝ դա չստանանք այնքան ժամանակ, քանի դեռ բռնությունը առավել չի վատթարացել։ Մենք չպետք սպասենք, մինչև դա տեղի ունենա։
Այս վիճակից միակ ելքը, կոնգրեսական Շիֆի խոսքով, պարտադրողական խոսքն է Վաշինգտոնից։