Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփեով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։
«Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանթեփեով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Սա շատ լուրջ նոր փաստ է, որը փոխում է իրավիճակը: Սա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են, բոլորն էլ կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Ես այդ հարցը քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդ տվյալները»,- ասել է Մակրոնը՝ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ղեկավարների հետ ու համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում:
Մակրոնը Թուրքիայի պահվածքի վերաբերյալ հրավիրել է նաև ՆԱՏՕ-ի ուշադրությունը: Նա Թուրքիայից պահանջել է բացատրել ջիհադական գրոհայինների ժամանումը Ադրբեջան և ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել իր դաշնակցի գործողություններին:
«Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: