Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։
Զոհրաբ Մնացականյանը Ժան Իվ Լը Դրիանին տեղեկացրել է Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերը, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման արդյունքում ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանն իր խոր մտահոգությունն է հայտնել արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող գործունեության առնչությամբ` առանձնակի մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ կերպով ցուցաբերվող անվերապահ և միակողմանի ռազմական աջակցության առնչությամբ։ Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծել են հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությանը, որը պարունակում է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համանախագահների և համանախագահող երկրների դերակատարումը տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում: