Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում պաշտպանության բանակն ունի 54 զոհ. վերջին կորուստներն է ներկայացնում Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը: Վիրավորները շատ են, թիվը ճշտվում է:
Արթուր Սարգսյան (Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ) - Հակառակորդի կորուստները կազմել են 39 զրահատեխնիկա, 4 ՍՈՒ-25 ինքնաթիռ, 3 ՄԻ-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը շուրջ՝ 830, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն:
Ինտենսիվ մարտերը գիշերը չեն դադարել, հիմա էլ շարունակվում են ռազմաճակատի բոլոր ուղղություններով: Հատկապես հյուսիսային և հարավային հատվածում հակառակորդի տեխնիկան և անձնակազմը եղել է աննախադեպ շատ:
Օպերատիվ մարտավարական իրադրություններում էական փոփոխություններ չկան:
Արթուր Սարգսյան - Անհաջողություն կրելով՝ թշնամին այս անգամ ևս, իր ձեռագրի համաձայն, թիրախավորել է հայկական գյուղերը, խաղաղ բնակչությանը, մասնավորապես, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներն են վիրավորվել:
Խոցված հակառակորդի սպայի մոտ եղել է իսրայելական արտադրության «Թադիրա» մակնիշի ռադիոկայան: Պարզվել է, որ զինված խմբավորումները հրահանգներ են ստացել արաբերենով:
Արցախի նախագահի հրամանագրով Արցախյան գոյապայքարի և Ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը արժանացավ Արցախի հերոսի կոչմանը: Արթուր Սարգսյանը վստահեցնում է՝ առիթ դեռ լինելու է խոսել նոր հերոսների մասին:
Արթուր Սարգսյան - Նրա հմուտ գործողությունների արդյունքում ապահովվել է հյուսիսային ուղղությամբ կայուն պաշտպանությունը, ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը:
Պաշտպանության շրջանի հրամանատարն Արցախյան գոյամարտից առ այսօր գտնվում է առաջնագծում, բազմիցս վիրավորվել է, բայց նորից շարքում է: Ինչ սխրանք է կատարել գիշերը՝ դեռ չեն շտապում խոսել: