Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որևէ երկրի»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևը հակամարտող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում ՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:
Հիշեցնենք՝ այսօր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, թե Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին:
Սակայն Ուկրաինայի ներքին գործերի նախարար
Արսեն Ավակովը հերքել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու մասին հայտարարություններն ու դրա հեղինակին խորհուրդ տվել դեղահաբեր ընդունել: