Բրյուսելում կայացած գագաթնաժողովի առաջին օրը ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում` Կիպրոսի դիրքի փոփոխության պատճառով:
Նախագահ Լուկաշենկոն, սակայն, չի ներառվել բելառուսցի 40 պաշտոնյայի ցուցակում, որոնց ակտիվները ԵՄ-ում սառեցված են, արգելված է նրանց մուտքը միության տարածք: Նրանք պատժվում են Բելառուսի նախագահի ընտրություններում իրենց դերի պատճառով և ցուցարարների նկատմամբ կոշտ վերաբերմունքի համար՝ գրում է РИА Новости-ն:
Կիպրոսը համաձայնել է հետ վերցնել Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառման վետոն՝ ԵՄ-ից պահանջելով ավելի խիստ միջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Արևելյան Միջերկրական ծովում գազի հետախուզում իրականացնելու համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացատրել է, որ Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվի, քանի որ նման որոշումը կնշանակի «հրաժարվել երկխոսությունից»:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը Լուկաշենկոյին կոչ է անում համաձայնվել ԵԱՀԿ-ի միջոցով երկխոսությանը, «միջոցներ ձեռնարկել վստահություն հաստատելու համար, ազատ արձակել քաղբանտարկյալներին, հատկապես նախագահի նախկին թեկնածուներին»: