Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի բռնկումից հետո ԵՄ-ն հայտարարում է, որ շտապ մարդասիրական օգնություն է հատկացնելու հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանը շփման գծի երկու կողմերում: Ֆինանսավորումը նախատեսում է առողջապահական աջակցություն, բժշկական սարքավորումներ, սննդի փաթեթներ և այլ հրատապ օգնություն տրամադրել մի քանի հազար մարդու:
Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր: Պետք է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և ապահովել քաղաքացիական կյանքի և ենթակառուցվածքների պաշտպանությունը: ԵՄ-ն համերաշխ է բռնությունից տուժած բոլոր մարդկանց հետ և պատրաստ է հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերել, եթե մարդկային տառապանքները շարունակվեն: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»:
500,000 եվրոյի նախնական ֆինանսավորումը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկերներին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, անհապաղ օգնություն տրամադրել մարտերից տուժածներին: ԵՄ ամբողջ մարդասիրական ֆինանսավորումը տրամադրվում է մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ և հատկացվում է միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների միջոցով: