Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցություն) և Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության) համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ:
Հայտարարությունը հրապարակվել է Ալբերտ Վայլերի պաշտոնական կայքում:
«Որպես Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ՝ պահանջում ենք Հայաստանից և Ադրբեջանից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունները: Բոլոր մասնակից կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և համատեղ կառուցողական աշխատանքներ տանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փորձերն ապակայունացնում են տարածաշրջանը և վտանգում տեղում մարդկանց անվտանգությունը:
Գնդակոծվում են նաև քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել, կան մի շարք վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում. բռնությունը չի կարող լուծում լինել: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջազգային հումանիտար իրավունքին:
Դրանից բացի՝ մենք մեծապես մտահոգված ենք այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածությամբ: Թուրքական ուժերի ներգրավումը լրացուցիչ վտանգավոր բացասական ազդեցություն կունենա առանց այդ էլ փխրուն կայունության վրա: Հենց այդ նպատակով մենք կոչ ենք անում նաև նրան դադարեցնել ռազմական հռետորաբանությունը:
Այս ծանր պահին մեր մտքերը երկու կողմերի զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»,- ասվում է հայտարարության մեջ: