ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորել է ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Կայացման և զարգացման 29 տարիների ճանապարհը հարկային ծառայությունն անցել է` առաջնորդվելով քաղաքացիների և ներդրողների համար վստահելի, գործընկերային միջավայր ապահովելու սկզբունքով: Ծառայության ձևավորումից առ այսօր հաղթահարվել են համակարգին ու ժամանակին բնորոշ մարտահրավերները: Զարգացման նոր տեսլականը թելադրում է նորարարական գաղափարներ, պահանջում միասնական և ամենօրյա աշխատանք:
Այսօր հարկային ծառայողը կոչված է աջակցելու հանրությանը` հարկային կարգապահությունը գործելաոճ դարձնելու հայրենանպաստ գործում: Համոզված եմ` բիզնես հանրության հետ գործընկերային միջավայրի ամրապնդման շնորհիվ կհաղթահարենք բոլոր դժվարությունները՝ կառուցելով վստահելի հարկային համակարգ և բարձրացնելով հարկերի վճարման կարևորության գիտակցումը:
Ռազմական դրության պայմաններում հարկային ծառայողները շարունակում են կատարել իրենց առաքելությունը` հանրությունից փոխադարձաբար ակնկալելով քաղաքացիական ինքնագիտակցություն և հարկային պարտավորությունների կանոնավոր կատարում: Շնորհակալությո՛ւն, պատրաստակամության և նվիրված աշխատանքի համար:
Կարևոր է հանրության գիտակցումը, որ բիզնեսի բնականոն աշխատանքը և օրինապահ վարքագիծն այս պահին լավագույն աջակցությունն են պետությանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հարկային ծառայողներին և մաղթում արդյունավետ աշխատանք»,- ասված է շնորհավորական խոսքում։