ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում նշեց, որ Արցախում օպերատիվ շտաբ ստեղծելու առաջին իսկ րոպեներից հայտարարել էին, որ պահեստավորելու համար ունեն միայն երկարատև պահպանության պահածոներ, ջուր, ծխախոտ, րոպեներ հետո մի մեծ հոսք էր եղել և արդեն իսկ մոտ 200 միլիոն դրամի միայն պարենամթերքի մասով օգնություն եկել Արցախ երկրագնդի տարբեր ծայրերից:
«Արցախի Հանրապետությունը լիարժեք ապահովում է իր պարենային անվտանգությունը, որևէ խնդիր չկա պարենի մասով, միայն պահեստավորում ենք պահածոներ, ծխախոտ, ջուր մեր պաշտպանության բանակի կարիքների համար առաջին հերթին, մեր տարհանված բնակիչների, մեր կամավորների համար, որ ունենանք մշտական գործող պահեստներ: Բանջարեղենի, արագ փչացող սննդի մասով որևէ խնդիր չունենք, եթե լինի, կդիմենք»,- նշեց ԱՀ գյուղատնտեսության նախարարը:
Բախշիյանը նշեց, որ մասնագետների կարիք էլ չկա, առաջին կոչից հետո բոլոր հացի փռերում, ալրաղացներում, վերամշակող ձեռնարկություններում բացը լրացվել է, և հիմա բոլորն աշխատում են անխափան, բնականոն աշխատանքներն էլ են ընթանում՝ խաղողի մթերում, բերքահավաք:
Վնասները հաշվելու աշխատանքներն իրականացվում են: