Արցախում և Հայաստանում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վրա միջազգային հանրությունը ուշադրություն բևեռելու և այդ ագրեսիայի մասին Լոս Անջելեսով մեկ բարձրաձայնելու համար ամերիկահայ երիտասարդները հավաքվել են ադրբեջանական հյուպատոսության դիմաց՝ սթափեցնող կոչերով։
Վերժինի Թուլումյան (Հայ դատի հանձնախումբ) - Մենք հավաքված ենք Ադրբեջանի կառավարությանը հասկացնելու, որ դատապարտում ենք սահմանին կատարվողը, և միջազգային լրատվամիջոցներին ու ամերիկյան կառավարությանն ասելու՝ իրենց կոչերը պիտի ավելի դատապատող լինեն, և հստակ ցույց տրվի, որ Ադրբեջանն է ագրեսորը։
Ամերիկահայ ցուցարարները եկել էին ադրբեջանա-թուրքական տանդեմի գործողությունները դատապարտող պաստառներով, Հայաստանի ու Արցախի դրոշները ողողել էին դիվանագիտական թաղամասի պողոտան, որը նախապես փակվել էր անվտանգության նկատառումով։
Համայնքային կառույցներն այս օրերին ամերիկահայերին հորդորում են՝ դրամական օգնությունից բացի՝ ամեն մեկն իր ընտրատարածքի քաղաքական գործչից, կոնգրեսական-սենատորից կոնկրետ քայլեր պահանջի՝ խնդրի մասին հայկական կողմի շեշտադրումները առավելագույնս տարածելու համար:
Ինչպես որ հայրենիքում է անելիքը շատ, այնպես էլ այստեղ՝ ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում, գործ շատ կա՝ Թուրքիայի հետ հարաբերության վերանայումից մինչև Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցում՝ ասում են ամերիկահայ գործիչները։
Բողոքի ցույցի մասնակիցները պողոտայի երկայնքով մի ամբողջական եռագույն էին պարզել՝ իբրև միասնականության, մեկ նպատակի շուրջ համախմբման խորհրդանիշ:
Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիայի՝ այս անգամ ադրբեջանցիներն այս կողմերում չերևացին։ Հայ ցուցարարները տրորեցին, ապա այրեցին Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները։