ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Նախարարների զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների, ինչպես նաև դրանցում Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավվածության կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը, թույլ չտալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանություն:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով աջակցելու համար:
Նախարարները կարևորել են այն դերը, որ կարող են ունենալ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հարևանները՝ բանակցությունների սեղանի շուրջ կողմերի շուտափույթ վերադարձին նպաստող պայմանների ստեղծման գործում: