ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել:
Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ իր բոլոր հետևանքներով: