Սանավիացիայի ուղղաթիռն առաջինը իջեցնում է ծանր վիրավորված Ալան Կավալին, ապա նաև գործընկերոջը: Ֆրանսիական հայտնի «Մոնդ» պարբերականի լրագրողները կրակահերթի տակ էին հայտնվել Մարտունիում:
Արցախի բժիշկներին հաջողվեց փրկել հրետակոծությունից ծանր վիրավորված լրագրողի կյանքը: Մինչև Ֆրանսիա տեղափոխվելը նրանք Էրեբունի բուժկենտրոնում ևս մեկ անգամ հետազոտվեցին:
Ժոնաթան Լաքոթ (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Սա, իհարկե, լրջորեն անհանգստացրել է մեզ, Ֆրանսիայի իշխանությանը: Նախագահ Մակրոնը Բրյուսելում խոսել է այս մասին՝ մեկնաբանելով ոչ միայն լրագրողների հետ կապված այս դեպքը, այլև ամբողջ հակամարտությունը: Շնորհակալ ենք լրագրողներին ցուցաբերած բուժօգնության համար:
Ալան Կավալին հենց հիվանդանոցից հեռախոսով խոսեց ընտանիքի հետ: Ամեն ինչ լավ է, շուտով կհանդիպենք՝ Երևանից բարձր տրամադրությունը Փարիզ փոխանցեց պատերազմը լուսաբանելու եկած լրագրողը:
Ալան Կավալի (Ֆրանսիացի լրագրող) - Ընտանիքս բոլորին շնորհակալություն է հայտնում մեզ ցուցաբերած օգնության համար: Խոսեցի նաև ընկերուհուս հետ:
Այս պատերազմն առաջինը չէ, որ լուսաբանում էին ֆրանսիացի լրագրողները: «Մոնդի» մյուս վիրավոր լրագրողը խոստովանում է՝ նման իրավիճակներում փորձում են զգույշ աշխատել:
Ռաֆայել Շարլ Յաղոբզադե (Ֆրանսիացի լրագրող) - Միշտ ուշադիր ենք, նայում ենք, որ անհրաժեշտության դեպքում պատսպարվենք: Երեկվա դեպքը միանգամից եղավ, չհասկացանք՝ ինչպես:
Ֆրանսիացի լրագրողների վիճակը թույլ է տալիս, կարող են ինքնաթիռով հայրենիք մեկնել: Ստեփանակերտի բուժկենտրոնն այս օրերին ամեն ինչով ապահովված է, կարող է իրականացնել անգամ ամենաբարդ վիրահատությունը:
Հարություն Քուշկյան (ՀՀ և ԱՀ առողջապահության նախկին նախարար) - Ոչ մի խնդիր չկա, դեղորայքը կա, սարքավորումները կան, լավ բժիշկներ կան, բոլորը պատրաստակամ են:
Լրագրողներին ճանապարհելու էր եկել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Ադրբեջանը հայտարարել էր, որ լրագրողները չպետք է վտանգավոր գոտիներում լինեն, թույլտվություն խնդրեն Բաքվից: Օմբուդսմենը սա համարեց միջազգային իրավունքի նորմերը խախտող հայտարարություն:
Արման Թաթոյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Լրագրողը որ պահին մտավ զինված բախման վայր, այդ պահից սկսած ավտոմատ հայտնվում է պաշտպանության տակ, միջազգային իրավունքի նորմ է: Գործ ունենք միջազգային լրագրողի հետ, որ անաչառ աշխատանքի լրացուցիչ գործոն են:
Նախագահ Մակրոնն ինքնաթիռ ուղարկեց ֆրանսիացի լրագրողներին տեղափոխելու համար: Արցախում ռազմական գործողությունների մասին հոդվածներն ու կրակի մեջ հայտնվելու իրենց պատմությունը նրանք կավարտեն արդեն Փարիզում: