ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին ալիքի» հետ զրույցի ընթացքում անդրադառնալով հարցին, թե հատկապես արտասահմանյան լրագրողներին հետևում է, արդյոք գաղտնիքներ չե՞ն հայտնում Արցախից, ասաց՝ լինում են նման դրվագներ, բայց, բարեբախտաբար, դրանք շատ չեն:
«Լրագրողների բառապաշարով ասենք՝ «կիքսեր» լինում են մասնագիտական, անզգուշության, բայց դրանք այնքան մեծ չեն»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով նաև, որ երբեմն էլ հակառակորդի լրատվամիջոցների կեղծիքները մեր դաշտ են բերվում:
Հովհաննիսյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում տարբեր տեսակի ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորումներ եղել են, բայց դրանք իրականում այդքան մեծ ու ազդեցիկ չեն, որովհետև կազմակերպչական աշխատանքն այս տիրույթում բավականին բարձր է:
«Հակառակորդն այստեղ՝ այս տիրույթում, վերջնականապես պարտված է՝ կոնկրետ լրատվական դաշտում. ես վստահ եմ, որ այդպես է լինելու:
Մենք թափանցիկ ենք, մենք բաց ենք, մենք պարզ ենք աշխատում, մենք մեր տունն ենք պահում և թաքցնելու ոչինչ չունենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կասկածում, բացի կազմակերպիչներից, որ մեր դեմ ահաբեկիչներ են կռվում: