ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պատճառելով մարդկային և նյութական կորուստներ:
«Այսօր թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են նաև հայաստանյան և օտարերկրյա լրագրողներ: Դա արվեց այն բանից հետո, երբ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցնեի կողմից՝ լուսաբանելու այս հակամարտությունը: Նախարարության կողմից հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների լրագրողական թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնցից մեծամասնությունը՝ 100-ից ավելի լրագրողներ արդեն իսկ աշխատում էին Արցախում: Մարտունի այցելություններից մեկի ժամանակ վերջիններս հայտնվել էին կրակի ներքո, երբ Ադրբեջանը հերթական անգամ սկսել էր ուժ կիրառել քաղաքացիական ենթակառուցվախքների նկատմամբ: Ֆրանսիական Le Monde-ի լրագրողներից մեկը ստացել էր ծանր վիրավորում: Վերջինս վիրահատվել է Արցախի հիվանդանոցներից մեկում և կտեղափոխվի Հաայստան»,- ասաց Նաղդալյանը:
Նա նշեց, որ լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաններ և արտահագուստ: Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության քաղաքական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը հրետանու և այլ զինտեխնիկայի կիրառմամբ, այդ թվում նաև լրագրողների գործունեության խաթարումը միջազգային իրավունքի խախտում է, և նման գործելաոճը խստագույնս դատապարտելի է: