Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Երկու պետությունների ղեկավարները դատապարտել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը, ինչպես նաև անհանգստություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ:
Պուտինը և Մակրոնը հակամարտության կողմերին կոչ են արել շուտափույթ հրադադար հայտարարել և լիցքաթափել սրված իրավիճակը։ «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։