Այսօր Արցախում է ողջ հայությունը՝ Մայր Հայաստանը, Սփյուռքը, յուրաքանչյուր գիտակից հայ քաղաքացի։ Այդ մասին Արցախում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ նախկին պաշտպանության նախարարներով հանդիպել են Արցախի նախագահի հետ, այցելել են Պաշտպանության բանակի շտաբ՝ հրամանատար Ջալալ Հարությունյանի ղեկավարման կետ, ծանոթացել գործողությունների պլանին։
«Կարող եմ ասել, որ ՊԲ հրամանատարը և նրա շտաբը հմուտ գործողություններ են ձեռնարկում՝ կանխելու Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները։ Համոզվեցինք, որ նրա ղեկավարման կետում բան չունենք անելու և մեր աջակցությունը հնարավորության սահմանում ցուցաբերում ենք Արցախի ժողովրդին»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ հակառակորդը մտադրվել էր 10-15 կմ խորությամբ մխրճվել Պաշտպանության բանակի դիրքեր և պարտադրանքի լեզվով խոսել ՀՀ և ԱՀ ղեկավարության հետ հետագա բանակցային գործընթացում, սակայն հանդիպել են ՊԲ ստորաբաժանումների հզոր դիմադրությանը: