Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով սրված ռազմական ճգնաժամը Արցախի և Հայաստանի պաշտպանության գործում, ինչպես նաև արդյունավետ օգնություն և աջակցություն հասցնելու անհրաժեշտությունը բոլոր նրանց, ովքեր վտանգված են, ՀԲԸՄ-ն միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային հանգանակության արշավին: Բոլոր նվիրատվությունները կկատարվեն Համահայկական հիմնադրամին: Այս ոչ առևտրային կազմակերպությունը հիմնվել է ՀՀ կառավարության կողմից 1990-ականների սկզբին և ունի մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում: ՀԲԸՄ-ն կոչ է անում իր աշխարհասփյուռ ցանցին՝ անդամներին, նվիրատուներին, աջակիցներին և համակիրներին, առատաձեռն նվիրատվություններ կատարել անմիջապես «Հայաստան» Համահայկական հիմնադրամի առցանց հարթակում՝ www.himnadram.org:
ԱՄՆ-ում հարկից պահվող նվիրատվությունների համար այցելե՛ք www.armeniafund.org: Միաժամանակ, ՀԲԸՄ-ն կշարունակի մարդասիրական և բժշկական աջակցություն տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համակարգված եղանակով՝ տարիներ առաջ ստեղծված «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամի միջոցով:
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ձեր տարածաշրջանում գտնվող ՀԲԸՄ շրջանակային հանձնաժողովների, մասնաճյուղերի, ՀԲԸՄ Հայաստանի կամ Նյու Յորքում գտնվող ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակի հետ»:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ն կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա: