Մեր ամբողջ կռիվը մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն, հայոց լեզու պահելու ուղղությամբ է: Այս մասին «Զինուժ մեդիայի» նկարահանած տեսանյութում ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ անդրադառնալով ընթացող պատերազմին:
«Ես մի շաբաթ առաջ չէի պատկերացնի մեր այսքան զորավոր լինելու իրողությունը: Գալիս է պահը, և տեսնում ես, որ ժողովուրդը դառնում է մեկ ընտանիք, հարազատ ընտանիք: Սրանք երևան եկան մի քանի օրում, մի քանի թշնամական համազարկերի արդյունքում գոյացավ այս հրաշալի բռունցքվելը:
Այնքան անսովոր է, այնքան մարդկայնորեն անընդունելի այն պահից, երբ մեկը կարող է քնած մարդուն կացնահարել, և նրան իշխանությունը հերոս համարի: Սա մարդկության մեզ եզակի ստորության, եզակի նողկանքի արտահայտություն կարող է լինել: Ահավասիկ, այս բաները խորթ են սովորական մարդուն, էլ չեմ ասում՝ հային, որը ընդամենը իր տունը, իր սրբությունը, իր հողը պահելու խնդիր ունի:
Զինվոր բալի՛կ իմ, մենք բոլորով, հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք: Թող կամոքն Աստծո բարիով վերջանա այս պատմական ծանր պահը հայ ժողովրդի համար, և անցնենք մեր գոյութենական հաջորդ փուլը»,- ասում է Տիգրան Մանսուրյանը: