Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ ՉԺՀ կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ:
Նախագահ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները խարսխված են բարի կամքի, փոխադարձ վստահության ու բարեկամության վրա և ամրապնդվում են մեր ժողովուրդների պատմական առնչություններով ու փոխադարձ համակրանքով։
«Մեծ նշանակություն եմ տալիս այս կարևոր փուլում մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսության ամրապնդմանը և փոխադարձ աջակցությունը։
Մեծապես կարևորելով Չինաստանի հետ համակողմանի գործընկերության հետևողական զարգացումը և ընդլայնումը տարբեր ոլորտներում՝ համոզված եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս ամրապնդվելու և խորանալու են՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին մաղթել է քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: