Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ներկայացրել է իրենց փաստահավաք առաքելության արդյունքները՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ: Արդեն պատրաստել են միջանկյալ զեկույց: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է սկսել՝ թիրախավորելով նաև բնակավայրերը, քաղաքացիական բնակչությունը: Ըստ Բեգլարյանի՝ այս պահին 11 քաղաքացիական անձ է սպանվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: «Նրանցից 42-ը, մեր արձանագրմամբ՝ լրջորեն են վիրավորվել»,- ասաց Բեգլարյանը:
Նրա խոսքով` հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, որում սխալի հավանականություն գրեթե չկա: «Ակնհայտ է, որ քաղաքացիական բնակչությունը նպատակային, դիտավորյալ կերպով թիրախավորվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է, ավելին՝ պատերազմական հանցագործություն»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը` հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ն քաղաքացիական բնակչությանը թիրախավորել է անակնկալ հարվածներով: