Եվրամիության անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարներն այսօր և վաղը նախանշված գագաթնաժողովի օրակարգում կքննարկեն օրախնդիր դարձած հիմնախնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին օրերին լարվածության խիստ սրացման թեման՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Հանդիպմանը երկրների ու կառավարությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ կանեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Բացի այդ, կոչ կարվի երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից:
Եվրոպական կառույցի բրյուսելյան երկօրյա հանդիպման առաջին օրը կքննարկվեն նաև Միջերկրական ծովում լարվածության սրման թեման և այդ համատեքստում Թուրքիայի ներգրավվածությունն ու առնչությունը: Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրամիության խորհրդից:
Գագաթնաժողովի երկրորդ օրը կնվիրվի Եվրամիության ներքին խնդիրների քննարկմանը: