Իսրայելը շարունակում է զենք ուղարկել Ադրբեջանին, մինչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարված հակամարտությունը շարունակվում է: Այս մասին Al Arabiya-ին հայտնել է ԱՄՆ հետախուզական աղբյուրը:
Պարբերականը գրում է, որ որքան շարունակվում է հակամարտությունը, այնքան ավելի ու ավելի շատ երկրներ են ներգրավվում՝ քաղաքական ու ռազմավարական շահերից ելնելով:
Հրեական պետությունն Ադրբեջանին սպառազինություն մատակարարող գլխավոր երկրներից մեկն է, չնայած Հայաստանը պաշտոնապես դեսպանություն է բացել Թել Ավիվում:
Նշվում է, որ Իսրայելի ու Ադրբեջանի էներգակիրների ու սպառազինության առևտրային շրջանառությունը շատ մեծ է:
ԱՄՆ հետախուզական աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Իսրայելը զենքով լի օդանավեր է ուղարկում Ադրբեջան: «Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին: Իսրայելից ուղարկված երկու բեռնատար օդանավ սեպտեմբերի 30-ին արդեն վայրէջք են կատարել Բաքվում»,- հայտնում է աղբյուրը: