Այս բեկորը ամենամեծն է, որ Մարտունիում կրակահերթից հետո հայտնվել է ֆրանսիացի լրագրողի մարմնում: Բազմակի վնասվածքներից արցախցի բժիշկները փորձում են փրկել ֆրանսիական հայտնի «Մոնդ» պարբերականի լրագրող Ալեն Կավալին, որն իր մասնագիտության հետքերով հասել էր Արցախ՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմը լուսաբանելու համար:
Ֆրանսիայի «Մոնդ» պարբերականի լրագրողը կյանքի ու մահվան պայքարում հայտնված միակ լրագրողը չէ: Ադրբեջանական հրետակոծությունից շտապել է փրկվել նաև Մարտունու քաղաքապետարանից ֆրանսիական «Ֆրանս Պրես» հայտնի լրատվական գործակալության թիմը: Հրետակոծվել է նաև նրանց մեքենան: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում, ասում է՝ «Մոնդի» գործընկերոջից շուտ է հասցրել պատսպարվել:
Մեր՝ հայկական լրատվամիջոցներից «24 նյուզ», «Արմենիա» հեռուստաընկերության գործընկերներն են վիրավորվել: Տեղում մեր նկարահանող խմբին տեղեկացրին, որ ուղեկցող հայ վարորդը մահացել է: Իսկ վիրավորված գործընկերները գնդակոծության մանրամասներն են պատմում:
Ադրբեջանական հրետակոծության լուրը հասել է մինչև Եվրամիության գագաթնաժողով: Նիստը սկսելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անհանգստացած Արցախում սկսված պատերազմից, արձագանքեց՝ արդեն պետք է Ադրբեջանի հետ խոսել պարտադրանքի լեզվով, բայց այդ պարտադրանքը պայմանավորված է օբյեկտիվ իրավիճակով՝ դադարեցնելու հրետակոծությունները: Մակրոնը՝ հայտնեց՝ Հայաստանի հետ ամեն ինչ կանեն ֆրանսիական լրատվամիջոցի թիմին ժամ առաջ օգնություն հասցնելու համար.
Էմանուել Մակրոն - Նախևառաջ ուզում եմ հայտնել իմ զորակցությունը ֆրանսիական լրատվամիջոցին, վիրավորներին ու նրանց ընտանիքներին: Մենք հնարավորինս շուտ կմոլբիլիզացնենք բոլոր ուժերը՝ ռազմական թատերաբեմ դարձած Լեռնային Ղարաբաղում մեր «Մոնդ» պարբերականի վիրավոր լրագրողների հետևից մեր ուժերն ուղարկելու համար:
Հայկական կողմն էլ հայտարարեց՝ վիրահատությունն ավարտելուց հետո ֆրանսիացի լրագրողին հնարավորինս շուտ կտեղափոխեն Երևան: Իսկ Արցախում ամբողջ աշխարհին լրագրողների կրակի տակ հայտնվելու մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունից է խոսում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, դատապարտում նաև քաղաքացիական 4 զոհի մահը:
«Հանրայինի» թիմն էլ բոլոր գործընկերներին հորդորում է զգույշ լինել, ինչպես մենք՝ աշխարհին առաջինը տեղեկացնելու հակառակորդ երկրի հարձակումների մասին: