Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը ղարաբաղյան հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ:
Պատասխանելով
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` Սպիտակ տնից հայտնել են` «զրույցի ընթացքում Օ'Բրայանը ընդգծել է լարվածությանն անհապաղ վերջ դնելու և երկխոսությունը վերսկսելու կարևորությունը»: Սա ԱՄՆ նախագահի խորհրդականի երկրորդ արձագանքն է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին:
Ավելի վաղ Օ'Բրայանը հայտարարություն էր տարածել Թվիթերի իր էջում, ընդգծելով` այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել և վերադառնալ բանակցությունների: Բռնությունները պետք է դադարեցվեն», - գրել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: