ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Թուրքիայի ներգրավվածությանն ադրբեջանական ագրեսիային, որի մասին արտաքին գործերի նախարարությունն արդեն բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշեց, որ ԱԳՆ-ն միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրվել Թուրքիայի՝ նման ապակայունացնող գործունեությանը։
«Երեկ ՊՆ-ից տվյալներ են տրվել թուրքական փորձագետների անմիջական մասնակցության վերաբերյալ: Տեղեկություններ կան, որ անօդաչու թռչող սարքերը՝ «Բայրագթարները», կիրառվում են թուրք փորձագետների կողմից: Տեղեկություն տրվեց նաև, որ ամբողջ օդային տարածքը գործում է Թուրքիայի հրամանատարությամբ, ըստ երևույթին, Էրզրումում, Կարսում տեղակայված հեռավար օդային հրամանատարական կետից»,- ասաց Նաղդալյանը:
Նա նշեց, որ թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն խարխլում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը, խաթարում են միջազգային հանրության մարտական գործողությունները դադարեցնելու ջանքերը:
«Միջազգային հանրությունը խիստ կոչ է արել արտաքին դերակատարներին՝ զերծ մնալ հակամարտությունը սրելու ցանկացած գործողությունից, և Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին: Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան հեռահար նպատակներ ոնի»,- ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ այն կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության կայունության առումով: