ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։
«Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News․am-ի լրագրողը և ArmeniaTV-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:
Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուստով, լրագրողական տարբերանշանով: PRESS տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:
Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին: Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում»,- հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը: