Պետդումայում հայտարարում են
Արցախում սադրանքների հարցում Էրդողանի սցենարի մասին: Հայաստանի հետ հակամարտության հարցում Անկարայի՝ Բաքվին ցուցաբերած բացահայտ աջակցությունը Թուրքիայի լավ հաշվարկված սադրանքն է՝ հայտարարեց «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։
Սերգեյ Միրոնով («Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր) - Մենք կարծում ենք, որ զինված հակամարտությունն անթույլատրելի է, և խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա։ Կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Պատգամավորները չեն ցանկանում նաև, որ այս խնդիրն անդրադառնա Ռուսաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների վրա, ու հակամարտությունը տեղափոխվի Դաշնություն:
Վլադիմիր Ժիրինովսկի (ՌԼԴԿ նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր) - Մեղավորը խորհրդային իշխանությունն է, բայց այն չկա, մեղավորը Լենինն ու Ստալինն են:
Ռուս խորհրդարանականները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում: Այսօր լիագումար նիստում Պետդուման միաձայն ընդունեց «Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառման անթույլատրելիության և անհապաղ հրադադարի անհրաժեշտության մասին» համապատասխան հայտարարությունը: Պատգամավորները նշում են Թուրքիայի սադրանքը կոնֆլիկտի հրահրման հարցում:
Լեոնիդ Կալաշնիկով (ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ) - Մենք, ինչպես ոչ այլ ոք, պետք է քայլեր ձեռնարկենք ռազմական գործողությունների, մարդկային կորուստների արագ դադարեցման համար, և կողմերը վերադառնան խաղաղ գործընթացին: Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել իրավիճակի կայունացման համար:
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն համաշխարհային պատասխանատու ուժերին կոչ է արել ձեռնպահ մնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության միջամտությունից: «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չունի ուժային կամ ռազմական լուծում: Արտաքին բոլոր խաղացողներն այժմ պետք է իրենց ջանքերն ուղղեն Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորմանը, այլ ոչ թե զբաղվեն դրա հետագա հրահրմամբ։ Նոր հրդեհն Անդրկովկասում կարող է ամենաողբերգական հետևանքներն ունենալ տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի համար», — ամփոփել է միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Հայտարարությունը կուղարկվի Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաններ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներին, Միջխորհրդարանական միությանը և այլ միջազգային կառույցների: