Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CNBC հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հարց: Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որն ունի մոտ 100 հազար բնակչություն: Մենք ականատեսը եղանք, որ այս վերջին բախման հետևանքով զոհվել են հարյուրը: Ո՞րն է լինելու ավարտը: Գուցե սա պետք է միջազգային արբիտրաժի մա՞ս լինի: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ բոլոր կողմերը կհավաքվեն մեկ սեղանի շուրջ: Աշխարհն այսօր զբաղված է այլ խնդիրներով՝ կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ԱՄՆ նախագահի ընտրություններ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններ: Ցավոք, այս խնդրին համարժեք և անհրաժեշտ միջազգային ուշադրություն դեռ չկա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի սա չվերածվի ավելի մեծ հակամարտության:
- Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե չմիջամտեն հիմա, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր իրենց համար: Պատկերացնո՞ւմ եք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա:
Հարց: Դա նշանակո՞ւմ է, որ մեծ խնդիրներ կլինեն էներգետիկ ոլորտում՝ կապված գազատարների հետ...
- Ո՛չ, ո՛չ: Այս հարցը միայն մեկ հարթության մեջ մի՛ դիտարկեք: Աշխարհը միայն էներգետիկայով չի պայմանավորված, այն շատ ավելի բարդ է, այստեղ կան ազգային շահեր, կայունություն, առևտուր, լոգիստիկա և շատ այլ հարցեր: Մենք չենք կարող երկրների միջև հարաբերությունները պարզեցնել՝ հիմնվելով միայն էներգետիկայի վրա: Թեպետ մոտ 10 տարի առաջ ես Եվրատլանտյան Անվտանգության նախաձեռնության էներգետիկայի հարցերով խմբի նախագահն էի և իսկապես գիտակցում եմ էներգետիկայի կարևորությունը, սակայն մենք չենք կարող այս հարցն այդքան պարզեցնել: Պատկերացրեք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա:
Հարց: Դա կպատահի՞:
- Հույս ունեմ՝ ոչ, քանի որ դա մեծ ողբերգություն կլինի բոլորի համար ամբողջ աշխարհում: Դուք նշեցիք, որ Ղարաբաղում 150 հազար մարդ է ապրում, բայց Դուք չհիշատակեցիք, որ նրանք հայեր են, և կապ չունի՝ 150 հազար են, թե՞ 250 հազար: Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստանի մաս է եղել հազարավոր տարիներ: Այն մշտապես բնակեցված է եղել հայերով: Դա մի հիանալի լեռնային երկիր է քաջ ու հպարտ ժողովրդով՝ հայերով: Անգամ խորհրդային իշխանության տարիներին տեղի բնակչության 90 տոկոսը հայեր են եղել: Հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը կապում են իրենց հավատքի և պատմության հետ: Նրանք սա ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացման փորձ: Սա հայերի համար անընդունելի է: Պայքարը կշարունակվի, և հայերը կապացուցեն, որ այս խնդիրն ուժի միջոցով չի լուծվելու, և ուզում եք դա, թե ոչ՝ մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ:
Եթե ուսումնասիրեք Թուրքիայի ներկայիս կառավարության գործունեությունը, թվում է, թե նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով՝ Միջերկրական ծովում, Հունաստանում, Լիբիայում, Իրաքում: Նրանք խնդիրներ են ստեղծում ամենուր:
Նրանք հայտարարում են, թե իբր Հայաստանը վտանգ է միջազգային էներգակիր նավթամուղի համար, ինչը բացարձակ անհեթեթություն է: Այդ նավթամուղը գոյություն ունի ավելի քան 20 տարի: Եթե մենք դա չենք արել 20 տարիների ընթացքում, ինչո՞ւ պետք է ուզենք դա անել հիմա, ո՞րն է նպատակը: