ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի:
Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը:
Համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։
Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները:
Սիրելի՛ ժողովուրդ, կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, եկեք շարունակենք կրել դիմակներ, պահպանենք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր են մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական` այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի թիկունքը»: