ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Հանրային խրոհրդի անունից այսօր նամակ է հղել «Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման հաստատությունների միջազգային ասոցիացիայի» գլխավոր քարտուղար Ֆրանսիսկո Գոնսալես դե Լենային, նախագահությանն ու աշխարհի մի քանի տասնյակ երկրներից ասոցիացիային անդամակցող կազմակերպություններին՝ իրենց երկրներում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ինքնիշխանության ճանաչման գործընթացներ նախաձեռնելու և խրախուսելու համար:
Այս մասին հայտնում են Հանրային խորհրդից:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգարժա՛ն պարոն Գոնսալես դե Լենա,
Ասոցիացիայի նախագահության հարգելի՛ անդամներ,
ՏՍԽՄ ասոցիացիայի անդամ հարգելի՛ գործընկերներ,
Հարավային Կովկասում կրկին պատերազմ է: 2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտից Ադրբեջանի բանակը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ (զինտեխնիկա, զինվորներ, ամենատարբեր ոլորտների ռազմական ինստրուկտորներ) և Սիրիայից Ադրբեջան ժամանած ավելի քան 4000 ահաբեկիչ-գրոհայինների մասնակցությամբ հերթական անգամ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ է սկսել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ կրակի տակ են առնվել նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերը:
Թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական դարավոր նկրտումների պատճառով Հարավային Կովկասը կարող է վերածվել ապակայունության և հումանիտար աղետի մի նոր ու ընդարձակվող տարածաշրջանի՝ անկանխատեսելի հետևանքներով:
20-րդ դարի 2-րդ տասնամյակում դեպի Հարավային Կովկաս թուրքական բանակի ինտերվենցիայի արդյունքում ի հայտ եկած Ադրբեջանին բռնակցված ԼՂՀ ժողովուրդն ընդամենն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը: Իրավունք, որը դեռևս 1920թ. ճանաչվել է նաև Ադրբեջանի կողմից (Ազերհեղկոմի դեկտեմբերի 2-ի դեկլարացիա), ապա իրացվել ԽՍՀՄ օրենսդրությանը և միջազգային նորմերին համապատասխան արարողակարգերով:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, օրենքի տրամաբանությանը և մարդասիրական նորմերին Ադրբեջանի բռնապետական իշխանություններն ի սկզբանե հակադրել են մահաբեր ուժը, տնտեսական և քաղաքական ահաբեկչությունն ուռազմական վայրագությունները:
Տարիներ ի վեր ԼՂՀ բնակչության նկատմամբ իրականացված բռնաճնշումները, ռազմական հանցագործությունները, հայերի գլխատված մարմինները, գրավված հայկական բնակավայրերում բնակիչների մասսայական ոչնչացումները, զոհվածների մարմինների անմարդկային խոշտանգումները, Եվրոպայում հայ սպային քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի սպայի հերոսացումը, Ադրբեջանի նախագահի՝ «Աշխարհի հայերը մեր թշնամիներն են» հայտարարությունները փաստում են, որ ԼՂՀ ազատատենչ ժողովուրդն այլընտրանք չունի, քան ինքնորոշման իր բնական իրավունքի իրացումն ու անկախությունն են: Այդ ճանապարհին և այսօր՝ առանձնապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի միջազգային առաջադեմ հանրության անհապաղ աջակցության կարիքը:
Մինչ ԽՍՀՄ փլուզման թոհուբոհի մեջ միջազգային կառույցների կողմից ճանաչվում էին նորանկախ պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունը, որի կազմից ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի ուժով իրավաբանորեն ևփաստացիորեն արդեն իսկ դուրս էր եկել ԼՂՀ-ը, այդ երկրի իշխանություններիկողմից դա ընկալվեց որպես տարածաշրջանը հայաթափելու և հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը շարունակելու իրավունք:
Հորդորում ենք Ասոցիացիայի նախագահությանն ընդունել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն:
Միաժամանակ դիմում ենք Տնտեսական և Սոցիալական խորհուրդների և համանման կառույցների ասոցիացիայի անդամ հանդիսացող մեր գործընկեր հաստատություններին իրենց երկրներում նախաձեռնելու և խրախուսելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ինքնիշխանության ճանաչման գործընթացներ: Դա կարևոր քայլ կլինի միջազգային հանրության կողմից ադրբեջանաթուրքական ագրեսիան սանձելու և ԼՂՀ բնակչության անվտանգությունն ապահովելու առումով»: