Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագիծ մեկնող կամավորականներին և զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտային միջոցները տեսանկարահանելուց և այդ նյութերը համացանցում տեղադրելուց։
«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է հայկական լրատվական և սոցցանցային տիրույթը և դուրս հանում բոլոր այն տվյալները, այդ թվում նաև աուդիովիզուալ, որոնք կարող են որևէ կերպ նպաստել իրենց ռազմական գործողությունների արդյունավետությանը։
Տրանսպորտային միջոցների տեսակը, գույնը, պետհամարանիշները, նրանց շարժվելու ժամը, ուղղությունը և այլ մանրամասներ խիստ զգայուն տեղեկություններ են, որոնք օգնում են հակառակորդին թիրախավորել Հայրենիքի պաշտպանության համար առաջնագիծ մեկնող մեր քաղաքացիներին։
Կոչ ենք անում պահպանել զգոնությունը և չվնասել հաղթական պատերազմի ընթացքին»,- ասված է ՊՆ տարածած հայտարարության մեջ։